Ըստ «Հայոց աշխարհ»-ի ունեցած հավաստի տեղեկությունների, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ՀՀՇ-ն մտադիր է մոտ ապագայում սկսել սեփական շարքերի լայնամասշտաբ զտում։ Ներկայումս կուսակցության վերնախավը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, քննարկում է միջոցառման տեխնիկական մանրամասները։ «Դե ինչ, ավելորդ բալաստից ձերբազատվելու որոշումը հհշական կուսշինարարների բնավ ամենամեծ արժանիքը չէ, բայց ներկա ժամանակներում իրականության զգացողության ամեն մի բանի դրսեւորում արդեն իսկ ողջունելի է»,-նկատում է թերթը։

Սակայն առաջիկայում ՀՀՇ-ում սպասվող զտումները, ըստ պարբերականի,  պարտադիր պիտի ուղեկցվեն ներկուսակցական բանավեճերով։ «Ամենաանցանկալի տարբերակը ՀՀՇ-ի վերջին համագումարի հետ կապված իրավիճակի կրկնությունն է, երբ Զուրաբյան-Քոքոբելյան-Ռուբինյան օպորտունիստական խմբավորմանը պատժեցին՝ թույլ չտալով նրանց մի բառ իսկ ասել։  Մերկ թագավորի մասին հեքիաթի մի տարբերակում տիրակալն ասում է. «Ես սառչում եմ իմ միայնակ վեհության մեջ»։ Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանում է մրսել միայնակ վեհության մեջ, ապա դա նրա իրավունքն է։  Բայց ներկուսակցական բանավեճերից համառորեն խուսափելու դեպքում որտեղի՞ց պիտի հայտնվեն հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ կդառնան, եթե հարկ լինի բանավիճել արդեն հանցավոր վարչախմբի հետ»,-նկատում է «Հայոց աշխարհ»-ը։