Գերմանիայի Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն) «Bergsträßer Anzeiger» թերթին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումներին ինքը մտահոգությամբ է հետեւում:
Բերգշթրասե մարզի գործընկեր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են. մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի հանդեպ հարեւան Ադրբեջանը նկրտումներ ունի եւ հայկական զինված ուժերի հետ հակամարտության մեջ է մտնում, որոնք հանդիսանում են միջազգայնորեն չճանաչված հանրապետության անվտանգության երաշխավորը: Ըստ լուրերի` անցյալ օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ ավելի քան 30 անձ է սպանվել:
Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն) «Bergsträßer Anzeiger» թերթին հայտնել է, որ այս զարգացումներին ինքը մտահոգությամբ է հետեւում: «Արտաքին աշխարհից վատ հասանելիությունը, դեպի ծով ելք չունենալը եւ քաղաքական պատճառներով չգործող միակ օդանավակայանը ցույց են տալիս, թե ինչպիսի խոչընդոտների հետ գործ ունեն 145.000 ղարաբաղցիները մեծ հարեւանի դեմ պայքարում»,- այսպես է նկարագրում նա իրավիճակը կովկասյան այս տարածաշրջանում:
Թերթի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղը քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ է, որից դուրս գալու հարցում ակնկալում է միջազգային հանրության օգնությունը:
Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. ի վեր հետեւողականորեն վարում է հավասարակշռված քաղաքականություն` պահպանելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: «Ընդ որում տարածաշրջանի դժվարությունների եւ հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման ցանկությունը նրանց համար առաջին տեղում է: Մենք հուսով ենք, որ դա նրանց կհաջողվի»,-շեշտել է Բերգսթրասեի ղեկավարը:





























