Ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ իրենք շարունակելու են սպաառազինություններ մատակարարել Ադրբեջանին, անընդունելի է Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական դաշնակցության ֆոնին: Այս մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, մինչեւ ապրիլի 2-ը՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների սկիզբը, ռազմական հավասարակշռությունն արդեն խախտված էր: «200 մլն դոլարի զենքը, որը մենք պետք է ստանայինք Ռուսաստանից, անհասկանալի պատճառներով ուշացել է: Դա այն զենքն էր, որը կիրառվում է անօդաչուների դեմ: Իմ տվյալներով այդ զենքը արդեն պետք է լիներ Հայաստանում»,- նշել է Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, պատգամավորը շեշտեց.«Ադրբեջանը գնում է ժամանակակից հարձակողական ռազմական տեխնիկա՝ վստահեցնելով, որ այս ռազմական տեխնիկան չի կիրառելու ղարաբաղյան ճակատում:լ Բայց արդեն ակնհայտ է, որ այդ տեխնիկան կիրառվել է ղարաբաղյան ճակատում: Ստեղծված հանգամանքներում Ռուսաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, քանի որ այդ զենքը կիրառվում է նրա ռազմավարական դաշնակցի դեմ»,- շեշտել է Գագիկ Մինասյանը: Ռուս- հայկական համագործակցությունը, ըստ պատգամավորի, փոխշահավետ է երկու երկրների ու ժողովուրդների համար: «Այդ համագործակցության դադարեցումը հավասարաչափ կվնասի թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին: Հույս ունեմ ռուսական կողմը կհասկանա, որ Ադրբեջանին զինելը զուտ բիզնեսի հարց չէ»,- ամփոփեց ՀՀԿ պատգամավորը:




























