Հայաստանի դիվանագետները պետք է ավելի ակտիվորեն աշխատեն Էրդողանից հոգնած Եվրոպայի հետ։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին ասել է Կվոկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան հիմա շատ է հոգնել Թուրքիայի նախագահի վարքից, եւ այդ գործոնը պետք է օգտագործել, որպեսզի մեր տեսակետը ներկայացնենք Ղարաբաղի հարցի շուրջ։ «Այլ հարց է, որ միամտություն է կարծելը, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան չգիտի, իսկ Հայաստանից հերթական համոզիչ փաստաթղթից հետո կիմանա եւ կհասկանա։ Բոլորն էլ ամեն բան հասկանում են։ Ե՛վ ԵԱՀԿ ՄԽ-ում, ե՛ւ Եվրոպայում ե՛ւ Ռուսաստանում։ Մտածել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան կկարդա, կբռնի գլուխն ու կասի, թե վայ, ոնց էր, որ մենք դա չգիտեինք, ուղղակի միամտություն է։ Այդ թղթաբանության իմաստն է փորձել բանակցություններում մի փոքր ավանդ ներդնել»,- նշել է Իսկանդարյանը։





























