Հայաստանի առաջին եւ գործող նախագահների հանդիպումը բնական շարունակությունն էր այն աննախադեպ միասնականության, որի ականատեսն ենք դարձել վերջերս տարբեր ոլորտներում: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսին հայտնել է խորհրդարանական Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Իրականում ես շատ ուրախ եմ եւ գնահատում եմ դա: Առաջին եւ գործող նախագահները, տարբեր հարցերում բազմաթիվ տարաձայնություններ ունենալով, մի կողմ դրեցին դրանք եւ քննարկեցին ժողովրդի առաջ կանգնած խնդիրները», - նշել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը տեղի էր ունեցել նրա հանդիպումը ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծում իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր:





























