Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է իրանական բանտերից մեկում պահված ամերիկացի գերուհու՝ Սառա Շուրդի հետ, հայտնում է Associated Press-ը: Հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Շուրդի մայրը՝ Նորա Շուրդը, տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, Նյու-Յորքում, ուր Ահմադինեժադը մեկնել էր մի քանի օր առաջ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Շուրդի ընտանիքի մամուլի քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել է հանդիպման մասին, սակայն թե ինչ բովանդակություն է ունեցել զրույցը՝ չի մանրամասնել:
Սառա Շուրդը եւ երկու այլ ամերիկացիներ՝ Շեյն Բաուերը եւ Ջոշուա Ֆետտալը ձերբակալվել էին Իրանի եւ Իրաքի սահմանում, 2009 թվականի հուլիսի 31-ին: Իրանի իշխանությունները նրանց մեղադրել են սահմանն ապօրինի հատելու եւ լրտեսության մեջ: Սակայն ձերբակալվածները պնդում են, որ մոլորվել են եւ պատահաբար հայտնվել Իրանի տարածքում: Սեպտեմբերի 14-ին Սառա Շուրդը ազատ է արձակվել կես միլիոն դոլար գրավի դիմաց: Թե ով է վճարել գրավը՝ մինչ այժմ հայտնի չէ: Շեյն Բաուերը, որն, ըստ լրատվամիջոցների, Սառայի փեսացուն է, եւ Ջոշուա Ֆետալլը դեռեւս գտնվում են իրանական բանտերից մեկում:





























