Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2016թ. փետրվարի ընթացքում թափուր աշխատատեղի հայտեր կայացրած գործատուների թիվը եղել է 542: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը՝ նշելով, որ տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 1200 չկրկնվող թափուր աշխատատեղ:
«2016թ. փետրվար ամսվա ընթացքում 1200 չկրկնվող աշխատատեղից 98-ը նոր ստեղծվող է, իսկ տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1757 է եղել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2016թ. փետրվարի 29-ի դրությամբ, աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները, մասնավորապես Երեւանում՝ վաճառողները, մատուցողները, ավտոմեքենաներ վերանորոգողները (սպասարկողներ), վարսահարդարները, դիմահարդարները, մատնահարդարները, խոհարարները, հացթուխները, հրուշակագործները, դեղագործները, դեղագետները եւ հեռախոսավարները: Ի տարբերություն Երեւանի, մարզերում բարձր է բարձրագույն կրթությամբ մասնագետների, մասնավորապես առողջապահության ոլորտում՝ բժիշկների պահանջարկը:



























