Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը օգոստոսի 15-ին Ստամբուլին հարակից կղզիներից Մեծ կղզում հանդիպում էր ունեցել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։

Թուրքիայի վարչապետին ընկերակցել է պետնախարար, Եվրամիության գծով բանագնաց Էգեմեն Բաղըշը, պետնախարար Ֆարուք Չելիքին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չիբուքչուն, վարչապետի օգնական Բյուլենտ Արինչը։

Էրդողանի եւ 5 նախարարների հետ տեղի ունեցած ճաշկերույթին մասնակցել է հունական եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների ատենապետ Պետրոս Շիրինօղլին, Կղզիների թաղային խորհրդի ատենապետ Լեւոն Շատյանը, Ստամբուլում հրատարակվող հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերի ներկայացուցիչներ, Թուրքիայում սիրիական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ֆիլուկսինոս Յուսուֆ Չեթինը, Կղզիների հունական համայնքի առաջնորդ Վասիլ Լամոպուլասը եւ այլն։

Հանդիպման ընթացքում վարչապետ Էրդողանը նշել է, որ իրենք դեմ են էթնիկ ազգայնականությանը եւ կրոնական ծայրահեղականությանը, եւ իրենց հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությամբ բոլոր հարցերը կլուծվեն։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան աշխարհիկ երկիր է, եւ Թուրքիայում բոլոր կրոնները հավասարապես պետությունից անջատ են։ Էրդողանը նաեւ նշել է, որ ժամանակին, երբ հետաքրքրված էր ֆուտբոլով, այդ ընթացքում շատ հայերի հետ է մտերմացել, որոնց հետ ֆուտբոլ է խաղացել։

Մոտ մեկուկես ժամ տեւած ճաշից հետո արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը առանձնազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի հետ: