Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմին՝ «Լեռնային Ղարաբաղը՝ մշտական պատերազմական իրավիճակում» վերնագրով հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով, մարդկանց թվում էր, թե 1994 թվականի հրադադարից հետո խաղաղությունը հարատեւ կլինի, մինչդեռ մարդիկ սխալվել են», - գրում է Le Monde-ի թղթակից Բենուա Վիտկինը, որը ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններին տեղում է հետեւել։

«Թալիշը միշտ էլ եղել է որպես ճակատային գիծ։ 1994 թվականի հրադադարից ի վեր այդ բնակավայրը կրակահերթերի թիրախ էր», - նշում է ֆրանսիացի լրագրողը։

Ծավալուն իր հոդվածում հեղինակը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը։ Վերադառնալով անցյալ դարասկզբի իրադարձություններին՝ նա գրում է, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձավ Ստալինի թեթեւ ձեռքով։ «Մինսկի խումբը այդպես էլ չկարողացավ դիվանագիտական լուծում գտնել։ Ադրբեջանի հարձակման նպատակները դեռ հայտնի չեն, կա՛մ Բաքուն փորձել է շոշափել Ղարաբաղի պաշտպանունակությունը, կա՛մ աշխարհին հիշեցնել մոռացված հակամարտության մասին, կա՛մ էլ, միգուցե, Թուրքիայի օգնությամբ, խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը», - ենթադրում է հոդվածագիրը։

Le Monde-ի թղթակցի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա։ «Ադրբեջանական զինուժի հարձակման առաջին ժամերից առաջնագիծ էին մեկնում հարյուրավոր կամավորներ՝ հայրեր ու որդիներ, թեեւ նման քանակությամբ զինվորների կարիք չէր զգացվում», - գրում է ֆրանսիացի լրագրողը:

«Լեռնային Ղարաբաղի բանակի անձնակազմի թիվը ռազմական գաղտնիք է՝ 150 հազար մարդ», կատակում են տեղացիները, այլ կերպ ասած, հանրապետության ամբողջ բնակչությունը», - բացատրում է Le Monde-ի թղթակիցը։

Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման։ «2003 թվականին հանրապետությունը չեղարկեց մահապատժի մասին օրենքը։ Կոռուպցիան այստեղ շատ ավելի նվազ է, քան հարեւան Հայաստանում։ Երկրի քաղաքական գործիչները հիմնականում պատերազմի մասնակիցներ են, որոնք համատեղությամբ նաեւ գործարարությամբ են զբաղվում», - պատմում է հեղինակը։

«Ադրբեջանական վերջին հարձակումներից հետո այդուհանդերձ քննադատություններ հնչում են։ Մարդիկ կասկածի տակ են դնում Երեւանի եւ Մոսկվայի միությունը, քանի որ Մոսկվան Ադրբեջանին զինում է եւ մտադիր է պաշտպանել իր գործընկերոջը։ Քննադատությունը հնչեցնում են հատկապես ղարաբաղյան հանրությունում», - ֆրանսիական «Լը Մոնդ» թերթում գրում է Բենուա Վիտկինը։