ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ԴԱՀԿ Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, 2015 թվականի ընթացքում Շիրակի մարզային բաժնի դրամարկղ փաստացի մուտքագրված ու ելքագրված գումարների վերաբերյալ ԴԱՀԿ ապահովող ծառայության դրամարկղի եւ դեպոզիտ հաշվի վարման էլեկտրոնային հաշվետվության ծրագրում մուտքագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել հիշյալ ծառայության օրինական շահերին:
ԴԱՀԿ Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























