Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը չի նախատեսում հակամարտող երկրների կողմից հումանիտար իրավունքի նորմերի խախտումների հետաքննության անցկացում: Այս մասին ասել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցությունների ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական պատկան մարմինների հայտարարությունները՝ հակամարտության վերջին սրացման օրերին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի (ՄՀԻ) դրույթների խախտումների բազմաթիվ դեպքերի՝ մասնավորապես Ղարաբաղի խաղաղ բնակիչների ու ՊԲ զինծառայողների մարմինների խոշտանգումների ու անարգանքի մասին:

«Մենք արձանագրում ենք ՄՀԻ խախտումների մասին մեր ստացած ցանկացած հաղորդագրություն կամ տեղեկությունը, որը կարող է վկայել դրա նորմերի խախտման մասին: Հետո ԿԽՄԿ-ն բոլոր այդ դիտարկումները փոխանցում է պատասխանատու կողմին գաղտնի երկխոսության միջոցով, որի շուրջ հրապարակային մեկնաբանություններ չեն լինում: Մենք հետաքննություն անցկացնելու կամ քրեական վարույթին մասնակցելու մանդատ չունենք: Մենք դատավորներ չենք, նաեւ ինքներս վկայություն չենք տալիս դատարաններում ու երկխոսության մանրամասները չենք պատմում երրորդ կողմին: Իր բացառապես հումանիտար առաքելության շրջանակում ԿԽՄԿ-ն կոչված է աջակցություն ցուցաբերել հակամարտության հետեւանքով տուժածներին ու դրա հետ մեկտեղ՝ երկխոսության շրջանակում կողմերին հիշեցնել ռազմական գործողությունների ընթացքում ՄՀԻ դրույթները պահպանելու իրենց պարտավորությունների մասին»: