Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` աստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության դեմ` պահանջելով ճանաչել տուժած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ից հավաքագրվում են քաղաքացիների դիմումները, որոնք պետք է ներառվեն վարչական դատարան ներկայացվելիք մեկ ամբողջական հայցադիմումում:

Կոնգրեսի հավաստմամբ, 2008 թվականի մարտի 1-ից հետո հարյուրավոր քաղաքացիներ են իրենց դիմել` խախտված իրավունքների վերականգնման խնդրանքով, բայց քանի որ բողոքները մեկ առ մեկ անհնար չէ վիճարկել դատական կարգով, ընդդիմությունը որոշել է միավորել դրանք:

Ընդդիմության պատասխանատուների ձեւակերպմամբ, մարտի 1-ին ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժային կառույցների կողմից խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու հետեւանքով խախտվել են քաղաքացիների կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, հավաքների ազատության եւ բազմաթիվ այլ իրավունքներ:

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական է, որ զինված ուժերը ապօրինի կերպով ներգրավվել են այս իրադարձություններում` չնայած Սահմանադրությունն ու «Պաշտպանության մասին» օրենքի համապատասխան դրույթներն արգելում են բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին։

Վարչական դատարանում մերժում ստանալու դեպքում Կոնգրեսը մտադիր է դիմել վճռաբեկ, ապա` Մարդու իրավունքների եվրոպական դատարան: