Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ եւ ես համերաշխ եմ հայերի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha):
Նա ապրիլի 2-ին Ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ հետեւյալ հայտարարությունը.
«Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների, զոհերի շարքում է նաեւ 12-ամյա մի երեխա ... Ես կցանկանայի դատապարտել հարձակումը եւ ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։ Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի եւ չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։
Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա-թուրքական հակահայ ռազմատենչ բանաձեւի դեմ: Նաեւ ի շնորհիվ սլովակյան պատվիրակության այդ բանաձեւը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի եւ ռուսների դեմ։ Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով:
Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես համերաշխ եմ հայերի հետ։ Կարեւորն այն է, որ խաղաղություն հաստատվի»:




























