Ղարաբաղյան քառօրյա պատերազմի առաջին «զոհերը» հրադադարի ռեժիմն ու դիվանագիտական գործընթացն էին։ Այս մասին ապրիլի 12-ին «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չի նշանակում վերադարձ հրադադարին։ «Սակայն վերջին իրադարձություններից 5 դաս է պետք քաղել։ Առաջին՝ Ադրբեջանին ռազմական գործողությունները սկսելուց հետ պահող շատ քիչ լծակներ կան։ Երկրորդ՝ Ադրբեջանի նոր ռազմավարությունը, որը կայանում է նոր տարածքներ նվաճելու եւ դրանք պահպանելու մեջ։ Երրորդը ստեղծված իրավիճակում նոր ենթատեքստն է։ Չորրորդը վերաբերում է Հայաստանի ներքին իրավիճակին։ Հաշվի առնելով մեր առջեւ կանգնած սպառնալիքը՝ կաշառակերությունն ու ժողովրդավարության պակասն ավելի մեծ մարտահրավերներ են։ Հինգերորդ դասը վերաբերում է արտաքին գործոններին։ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, քանի որ այդ երկիրը դիտարկվում էր որպես ռազմավարական դաշնակից»,- եզրափակել է Կիրակոսյանը։