Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ ԱՄՆ-ի Կոլումբիա համալսարանում ունեցած ելույթի ժամանակ անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը հիշեցրել է Երեւանում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը՝ նշելով, թե այն ոչ թե անցյալին, այլ՝ ապագային ուղղված քայլ էր։ Այս համատեքստում, Գյուլը ցանկացել է, որ Հայաստանի նախագահի հետ համատեղ հասած կետից էլ ավելի առաջ գնալու հույսը պահպանվի։





























