Իտալական Sky TG24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերից:

 Իտալացի լրագրողը հայ զինվորների ուղեկցությամբ բեռնատարով մեկնել է առաջնագիծ եւ ներկայացրել, որ հենց այդ տարածքում են ապրիլի 2-5-ին թեժ մարտեր ընթացել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ:

«Այստեղ ադրբեջանական զորքերը փորձել են ճեղքել եւ թափանցել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը»,- նշել է լրագրողը։

Լրագրողին ուղեկցող զինծառայողներից մեկը բացատրում է, որ ճանապարհը, որով ընթանում են, փորված է մոտակայքում գտնվող ադրբեջանցիների հրթիռներից եւ հրանոթներից պաշտպանվելու համար։

Արդեն դիրքերում իտալացի լրագրողին հայտնել են, թե որ կողմում է հակառակորդը եւ որ պետք է պահպանել անվտանգության կանոնները, քանի որ դիմացը Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարներն են: Նշել են նաեւ, որ մոտակայքում ականապատված դաշտեր կան:

Լրագրողի փոխանցմամբ, ադրբեջանցիները գտնվում են 150 մետր հեռավորության վրա, եւ հարկավոր է խոսել ցածր ձայնով, իսկ դիմացը տեսնելու համար հարկավոր է նայել հատուկ դիտման համար պատրաստված անցքի միջով, այն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան, քանի որ հնարավոր է գլխին կրակոց ստանալ։

Իտալացի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչի համար են ժանգոտ պահածոյի տուփերը, որոնք կան խրամատների երկայնքով, եւ նրան բացատրել են, որ եթե հակառակորդը առաջ գա, այդ տուփերը ձայն են հանում եւ զգուշացնում վտանգի մասին:

Լրագրողին ուղեկցող զինվորականը պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիներն օրեր առաջ հարձակվել իրենց դիրքերի վրա եւ թե իրենք ինչպես են հետ մղել նրանց: «Մենք կրակում ենք միայն մեզ պաշտպանելու համար, երբեք չենք հարձակվում»,- ասել է նա։