Հայ-ադրբեջանական սահմանին արդեն 2 տարի է՝ կրակոցները ինտենսիվ են դարձել. այս անգամ մենք արդեն ականատես եղանք 1994-ից հետո առաջին ամենալուրջ էսկալացիային։ Այս մասին Der Standard ավստրիական պարբերականին տված հարցազրույցում ասել է Կովկասում ԵԱՀԿ դիտորդ Զիգֆրիդ Վյոբերը։

Վյոբերը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 2014-ի ամառվանից հետո ռազմական գործողությունները սրվել էին։ «Դրանց հիմքում նաեւ աշխարհաքաղաքական ներքին զարգացումներ են ընկած։ Վերջին օրերի լայնածավալ գործողություններից իրոք մեծաքանակ զոհեր եղան ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։ Գրանցվեցին մարդկանց խոշտանգումների դեպքեր, կիրառվեց ծանր զինատեխնիկա։ Եթե մինչեւ 2014-ը գործում էին դիպուկահարները, հիմա բանը հասել է ավերիչ հրթիռային համակարգերին»,- նշել է նա։

Զիգֆրիդ Վյոբերը կարծում է, որ դրա ֆոնին սրվում են նաեւ քաղաքական հայտարարությունները։ «Սակայն ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության՝ բանակցային գործընթացը պետք է սառը մնա։ Այս տարիների ընթացքում հնչել են տարբեր առաջարկներ, այդ թվում տարածքների փոխանակման հարցը, սակայն դրանց մոտեցումները երկու կողմից էլ տարբեր են։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումներով, սակայն անցյալ 20 տարվա ընթացքում բնակիչներին դրան չեն նախապատրաստել»,- ընդգծել է փորձագետը։

Անդրադառնալով Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների մեջ Ռուսաստանի հնարավոր դերին՝ Վյոբերը նշեց, որ քանի դեռ մարտական գործողությունները սահմանափակվում են Ղարաբաղով, Ռուսաստանը ռազմական միջամտություն չի ցուցաբերի։ «Սակայն Ռուսաստանը կմիջամտի հակամարտությանը, եթե Ադրբեջանին աջակցող Թուրքիան հանգիստ չմնա։ Դա կնշանակեր, որ Մերձավոր Արեւելքում ծավալվող ներկայիս պատերազմը կտեղափոխվի Կովկաս։ Սակայն  բանը դեռ դրան չի հասել։ Անցյալ երկու տարիների ընթացքում Մոսկվային հաջողվել է հանդարտեցնել կողմերին»,- մեջբերում է թերթը դիտորդի խոսքը։