Աշխարհաքաղաքական տեսակետից ստատուս քվոն ավելի ընդունելի է Հայաստանի համար, քան Ադրբեջանի։ Այս մասին ապրիլի 12-ին՝ «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը քննարկմանը միացել էր տեսակապի միջոցով։

Հարցին, թե ում էր մեծապես ձեռնտու ներկայիս էսկալացիան, քաղաքագետը պատասխանեց. «Պետք չէ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր զննել, որպեսզի հասկանանք, որ ստատուս քվոն Բաքվի համար ձեռնտու չէր։ Հայաստանի համար ստատուս քվոն ավելի բարենպաստ է, քանի որ ժամանակն օբյեկտիվորեն Երեւանի օգտին է աշխատում»։

Մարկեդոնովի կարծիքով հասկանալի էր, որ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացման, արտաքին աշխարհ փակ ելքերի, տարածաշրջանային մեկուսացման, ճնշման հետ կապված հարցերը։  «Սակայն աշխարհաքաղաքական տեսակետից ստատուս քվոն ավելի ընդունելի է Հայաստանի համար, քան Ադրբեջանի»,- եզրափակել է քաղաքագետը։