Հնագետները պարզել են, որ Թանախի` հրեական Սուրբ գրքի տեքստերը, որոնք իրենց բովանդակությամբ գործնականում համընկնում են Հին կտակարանի հետ, գրվել են մինչեւ  մ.թ.ա. 586 թվականը, այսինքն մինչեւ Հուդայի նվաճումը բաբելոնյան Նաբուգոդոնոսոր II թագավորի կողմից, հայտնում է Gazeta-ն:  

Ավելի վաղ գիտնականների շրջանում միասնական կարծիք չկար, թե արդյոք այդ տեքստերը ստեղծվել են Բաբելոնական թագավորության կողմից Հուդայի նվաճումից առաջ թե հետո: Սակայն այժմ հնագետներն ուսումնասիրել են  օստրակոնները` կավե սալիկները, որոնք հայտնաբերվել են ամրոցում` Հարավային Հուդայի տարածքում:   Սալիկները թվագրված են մոտավորապես մ.թ.ա. 600 թվականով: Դրանց մակերեւույթին գրություններ կան, որոնք, մասնագետների կարծիքով, ստեղծվել են առնվազն վեց հեղինակի կողմից: Գրությունները հրահանգներ են պարունակում ռազմական գործողությունների ընթացքում զորքի տեղաշարժի վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկություններ զորքի պաշարի վրա ծախսվող գումարների մասին:  

Հետազոտության հեղինակները պնդում են. գտածոն նշանակում է, որ Հուդայի բնակիչները, առնվազն` զինվորականները գրագետ էին եւ կարող էին ինքնուրույն տեքստեր գրել, մինչեւ Նաբուգոդոնոսոր II-ի կողմից Հուդայի նվաճումը, նշանակում է` Թանախի տեքստերը մինչ այդ են գրվել: Ավելի վաղ որոշ հետազոտողներ ենթադրում էին, որ Բաբելոնական թագավորության կողմից Հուդայի նվաճումը հրեա ժողովրդին թույլ է տվել այնպիսի գրագիտության տիրապետել, որ կարողացել են ինքնուրույն կերպով բարդ տեքստեր ստեղծել: