Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Six Palms» սրահում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պետական ընդունելություն:

Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսությանը ներկա են եղել տեղական իշխանությունների, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ:

Հայաստանի եւ Քուվեյթի պետական օրհներգները հնչելուց հետո բացման խոսքով հանդես է եկել Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Նա անդրադարձել է հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկա վիճակին եւ միջպետական համագործակցությունը խթանելու հետագա ծրագրերին` Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Քուվեյթի իշխանություններին եւ քուվեյթահայ համայնքին Հայաստանի դեսպանության հիմնադրման գործում ցուցաբերած զգալի աջակցության եւ մեծ ավանդի համար: