Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նախագահների հանդիպումը լավ է ոչ միայն կոնսոլիդացիայի համար, այլ նման պարագաներում շատ լավ կլինի, որ նախկին ղեկավարները հանդիպեն իրար հետ։ Բայց Քոչարյանի հետ դեռեւս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ չի պատրաստվում հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը: