Այսպես կոչված «ռուս-վրացական մաֆիայի» փաստաբաններն Իսպանիայի Ազգային դատարանում քննվող գործի շրջանակում անցկացված դատալսման ժամանակ դատախազներին մեղադրել են դատավորին «խաբելու» եւ «անբարեխղճության» մեջ եւ պահանջել ազատ արձակել կասկածյալներին:
Ուկրաինացի Կատերինա Կ.-ի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է միայն այն կասկածի պատճառով, որ մտերիմ հարաբերություններ ունի Լաշա Շուշանաշվիլիի եղբոր՝ գործով որպես կասկածյալ անցնող Կախաբեր Շուշանաշվիլիի հետ:
Գործով անցնող միակ իսպանացու՝ Խուան Մ.Տ.-ի փաստաբանն էլ հայտարարել է, որ նա Շուշանաշվիլիի հետ ընդամենը «ընկերական հարաբերություններ է ունեցել»: Նա դատախազներին մեղադրել է հեռախոսային խոսակցություններից «համատեքստից բառեր առանձնացնելու» մեջ՝ փորձելով ապացուցել, որ Խուան Մ.Տ.-ն Շուշանաշվիլիին տրամադրել է իր բանկային հաշիվները՝ «իբր փողեր լվանալու համար»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, «ռուս-վրացական մաֆիայի» գործով դատավարությունը Մադրիդում մեկնարկել է մարտի կեսերին: Գործով անցնողներին մեղադրում են սպանությունների, փողերի լվացման, զենք պահելու, կեղծ բանկային քարտեր պատրաստելու, խարդախության մեջ:
Խմբավորումը գործել է Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում: Նրանց թվում Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ կան: Ընդհանուր առմամբ, խմբավորումը Եվրոպայում 80 անդամ է ունեցել: Մեղադրյալներին կասկածում են նաեւ «օրենքով գող» Վլադիմիր Ջանաշիայի սպանության մեջ:




























