ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մյուս հեռուստադիտողներից առաջ կտեսնի «Գահերի խաղի» վեցերորդ սեզոնը, որի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 24-ին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Newsweek-ը:
«Գահերի խաղի» պրոդյուսերները խոստովանել են, որ իրենց նախագծի ամբողջ լրջությունը գիտակցել են, երբ Օբաման խնդրել է իրեն ցուցադրել նոր մասերը: «Դա շատ զարմանալի էր»,- խոստովանել է պրոդյուսեր Դեն Ուայսը:
Սերիալում Դավոս Սիվորտի դերում հանդես եկող Լիամ Քանինգեմը նշել է, որ Օբաման հնարավորություն է ունեցել նոր մասերը տեսնել ավելի վաղ, քան նույնիսկ դերասաններից որեւէ մեկը:
Հինգերորդ սեզոնի վերջին մասի ռեժիսոր Դեւիդ Նաթերն էլ պատմել է, որ ընդունելություններից մեկի ժամանակ Օբաման մոտեցել է իրեն եւ հետաքրքրվել Ջոն Սնոուի ճակատագրով: «Պարոն նախագահ, նա մեռածներից էլ մեռած է»,- պատասխանել է Նաթերը: «Լավ»,- ասել է Օբաման:





























