Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին: Այս մասին, ապրիլի 12-ին, Մարտակերտ քաղաքում խորհրդակցության ժամանակ նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությունը նվիրված է եղել ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետեւանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:
Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաեւ Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետեւանքով տուժած առանձնատների, ենթակառուցվածքների, ինչպես նաեւ այլ գույքի եւ տեխնիկայի մասով բնակիչների ունեցած վնասների մասին ամփոփիչ մանրամասներ:
Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, եւ օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի եւ տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:
«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, եւ դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, եւ մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր այն ծառայողներին, ովքեր ճգնաժամային ժամանակահատվածում մնացել են տեղում եւ բարեխիղճ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Գործադիրի ղեկավարը այցելել է նաեւ Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար:
Վարչապետն այնուհետեւ ուղեւորվել է առաջնագիծ, եղել հանրապետության հյուսիսային թեւում տեղակայված եւ թեժ մարտերի թիրախ դարձած դիրքերից մեկում: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է զինվորների ծառայությամբ եւ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործած սխրագործությունների եւ հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:
Ա. Հարությունյանը այցելել է նաեւ «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր եւ ծանոթացել հանրապետության արդյունաբերության առաջատարի գործունեությանը: «Ուրախ եմ, որ անկախ վերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելով տնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, եւ ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը»,- ասել է վարչապետը:





























