Հայաստանի ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» մասնագետները ղարաբաղցի գործընկերների հետ կիսում են իրենց փորձը։ Այս պահին Լեռնային Ղարաբաղում է գտնվում բյուրոյի 3 աշխատակից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» մամուլի հետ հարցերով պատասխանատու Լանա Մշեցյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում են հետքաբան փորձագետ Հարություն Հակոբյանը, ձգաբան Վլադիմիր Աղանիկյանը, փաստաթղթաբական փորձաքննության փորձագետ Արսեն Բաղդասարյանը։
Փորձագետների միջեւ համագործակցությունն ընթանում է համաձայնության շրջանակներում։ Երեւանցի փորձագետները նախկինում նույնպես եղել են Արցախում գործընկերներին օգնություն ցուցաբերելու համար։ Այսպես՝ մարտի 16-29-ը Լեռնային Ղարաբաղում են եղել ֆիզիկական հետազոտությունների եւ քիմիական փորձաքննության բաժնի պետ Կարեն Ղարաջյանը եւ Պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Ռուզաննա Մելիքսեթյանը։
«Ստեղծված իրավիճակում օգնությունն ու համագործակցությունը հատուկ նշանակություն ունեն»,- նշել է Լանա Մշեցյանը։
Նշենք, որ համագործակցության շրջանակներում ՓԱԲ-ի փորձագետները երկու շաբաթը մեկ կայցելեն Լեռնային Ղարաբաղ:




























