Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Այս մասին ապրիլի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հակամարտության ամենասկզբից սկսած, հիշեցրել է նա, Թուրքիան թե ռազմական, թե՛ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: «Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որը բացահայտ արդարացնում էր ու արդարացնում է Ադրբեջանի բոլոր գազանությունները՝ ընդ որում անում է դա ամենաբարձր մակարդակում: Բանը հասել է նարն, որ Թուրքիան իր արտգործնախարարի շրթերով փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Սա անբարոյական ու անընդունելի է: Սա սպառնում է նոր աղետներով ու կարող է ոչ միայն տարածաշրջանային պատերազմի այլեւ աղետի սկիզբ դառնալ»,- շեշտում է Շարմազանովը: Եվ այս հարցում, շարունակեց ԱԺ փոխխոսնակը, թե եվրոպական, թե ՛ ամերիկյան ու ռուսական քաղաքակրթությունները պետք է շատ շրջահայաց լինեն: «Նրանք պետք է Թուրքիային ու Ադրբեջանին հստակ ճնշման ենթարկեն: Ի՞նչ է մենք երկրորդ «Իսլամական պետությո՞ւն» ենք ուզում: Երբ Ալիեւը ժամանակին կրոնական երանգ էր հաղորդում հակամարտությանը ու դժգոհություն հայտնում եվրոպական պատգամավորներից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից, հայտարարելով, որ նրանք հայերին են պաշտպանում, քանի որ հայերը քրիստոնյաներ են, այդ նույն ՄԽ-ն ու մեր եվրոպացի գործընկերները անտեսեցին մեր նախազգուշացումները»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը:




























