Հայկական երկրորդ զինված ուժեր ստեղծելն անիմասն է, գոյություն ունեցող բանակը բավական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ, քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Անդրադառնալով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ հայ բոլոր բարձրաստիճան զինվորականներին փորձի փոխանակման նպատակով միավորվելու մասին կոչին, Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Կոմանդոսը մեծ հայրենասեր է, շատ պարկեշտ, մաքուր անձնավորություն: Շատ եմ հարգում նրան: Հայերը, որտեղ էլ լինեն, շատ են սիրում հայրենիքը՝ Հայաստանն ու Ղարաբաղը: Կարծում եմ՝ ոչ ոք չի հրաժարվի հայրենիքը պաշտպանելուց, եթե պահանջվի»:
Նրա խոսքով, կանոնավոր զինված ուժերը կարող են հետ մղել ադրբեջանական զինված ուժերի ցանկացած հարձակում: «Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հարձակման հնարավորությանը, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է, դա տեղի չի ունենա: Դրա համար հայերը շատ լավ սպառազինության, տեխնիկայի, անօդաչուների, ժամանակակից մակարդակով կառավարման համակարգի կարիք ունի»,- ընդգծեց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հավելելով, որ հակառակորդը գիտի, որ եթե հայերի դեմ մեծ պատերազմ սկսի, մեծաթիվ զոհերով պարտություն կկրի:
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ բարձրաստիճան զինվորականներին կոչ էր արել միանալ իր ծրագրին, որը նախատեսում է ունեցած գիտելիքները ռազմա-ուսումնական կենտրոններում փոխանցել բոլոր նանց, ովքեր ցանկանում են հայոց բանակի մաս դառնալ:





























