ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերածվել է «ծույլ» մի կառույցի, որին բողոքների բովանդակությունը չի հետաքրքրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար 11 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի պաշտպանը՝ Հրանտ Գեւորգյանը:
«Վերաքննիչը պարզապես վերածվել է ծույլ մի կառույցի, որտեղ ստացված դատավճիռը կոպիա են անում, հետ են ուղարկում՝ ասելով բավարարում ենք, չենք բավարարում, բայց Վերաքննիչի դատավորների լսելու ունակությունը ցածր է, որ ինչ-որ բողոք բավարարեն»,-ասաց նա:
Պաշտպանին վրդովեցրել է այն, որ արդեն երրորդ անգամ է՝ իր պաշտպանյալին անմեղ ճանաչելու պահանջով բողոքի քննությունը հետաձգվում է, գործով դատավորները «անուշադիր են»:
«Դա դատարան չէ, դատավորներին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ ես ներկայացնում, քնում են: Երեկ ջղայնացա, թղթերը շպրտեցի դատավորի երեսին, դուրս եկա»,-նշեց Հրանտ Գեւորգյանը:
Պաշտպանը նշեց, որ իր արարքի համար դատարանի կողմից նկատողություն չի ստացել, իր նկատմամբ սանկցիա չի կիրառվել:
«Իրենք իրենց նկատմամբ պետք է սանկցիա կիրառեն»,-ասաց Գեւորգյանը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 1-ին մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:
Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:
Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թրաֆիքինգի զոհ դարձել:





























