Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակը խնդիրը ռազմական ճանապարհով լուծելն էր: Փորձը ձախողվեց: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանը չկարողացավ ո՛չ նվազագույն, ո՛չ առավելագույն մակարդակով իրականացնել առաջադրված նպատակները: Եվ հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ բանակցությունների համար պայմաններ են պետք, դրան են ուղղված համանախագահների ջանքերը»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ցանկացած ագրեսիային նախորդում է մարտի դաշտում անհաջողությունը, այնուհետեւ՝ անհաջողությունը բանակցություններում: Արդյունքում Ադրբեջանը կրկին որոշում է փորձել հաջողության հասնել ուժի օգնությամբ:

«Բացելով փակագծերը՝ նշեմ, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են երեք սկզբունքների վրա. ուժի չկիրառում եւ դրա կիրառման սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին: Անցյալ շաբաթ Երեւան այցելած համանախագահները խոսեցին երեք սկզբունքի մասին: Ադրբեջանական մամուլի միայն մեկ սկզբունք տեսավ»,- նշել է Նալբանդյանը:

Միաժամանակ, Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչպես դա տեղի ունեցավ Կազանում: Հայտնվելով մի իրավիճակում, երբ բանակցություններում այլեւս ասելիք չունի, Ադրբեջանը հրաժարվում է համանախագահների հետ հանդիպումից, ինչպես դա տեղի ունեցավ Վաշինգտոնում, եւ չի թաքցնում իր ագրեսիվ մտադրությունները, պարբերաբար խախտում է հրադադարը, իսկ հիմա ավելի առաջ գնաց:

«Բոլորի համար ակնհայտ է, թե ով սկսեց: Իմ գործընկերներից ոչ ոք, ում հետ ես զրուցել եմ, դրանում կասկած չունեն»,- հայտարարել է Նալբանդյանը: