Հայ-ռուսական հարաբերությունները չեն հենվում բիզնեսի վրա: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով հարցին, որ վերջին օրերին Մոսկվայի հայտարարությունները հավասատեցնում են Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանում չէ ռուսական ռազմաբազան, Ադրբեջանը չէ ՀԱՊԿ անդամ, Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը տասնյակ համաձայնագրեր ունի պաշտպանական եւ ռազմարդյունաբերական ոլորտում:

«Հասարակության մեջ սուր քննարկումների առարկա է դարձել զենքի վաճառքը: Կարծիք կա, որ դա բիզնես է: Չգիտեմ՝ ընդունեմ այդ եզրակացությունը, թե՝ ոչ, բայց հայ-ռուսական հարաբերությունները չեն հենվում բիզնեսի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակից են ոչ միայն խոսքով, այլ դրա համար իրավա-պայմանագրային հիմքեր կան: «Դա գաղտնիք չէ, այդ թվում՝ Ադրբեջանի համար»,- նշել է նախարարը:

Մեկնաբանելով մի շարք միջազգային կազմակերպություններից որոշ գործընկերների դիրքորոշումը, որոնք ոչ միանշանակ էին, մասնավորապես՝ Բելառուսի եւ Ղազախստանի պահվածքը, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, որի յուրաքանչյուր անդամ իր շահերն ու առաջնահերթություններն ունի: Ընդ որում, արտաքին քաղաքականությունը համակարգող մարմին չկա: Որպես օրինակ նա նշեց Եվրամիությունը, որի անդամ պետությունների դիրքորոշումները նույնպես ոչ միշտ են համընկնում:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին. ԱԳ նախարարը հիշեցրել է, որ բազմաթիվ հայտարարություններ եւ որոշումներ են եղել հակամարտության կարգավորման հարցում կազմակերպության դիրքորոշման առնչությամբ: Դիրքորոշումը համանախագահներին սատարելն է՝ 3 սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:

Նախարարը նաեւ հաղորդել է, որ Հայաստանում առաջիկայում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը: