Լոս Անջելեսի շրջանային դպրոցների միավորման կրթական խորհուրդը ապրիլի 12-ին քվեարկությամբ միաձայն ընդունել է որոշում, որով 2016 թվականի ապրիլը ճանաչել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը նշելու ամիս, հաղորդում է Asbarez.com-ը:
Բանաձեւը ներկայացրել է Խորհրդի անդամ Մոնիկա Ռատլիֆը, իսկ համահեղինակը Խորհրդի նախագահ Սթիվ Զիմերն է, ինչպես նաեւ խորհրդի կառավարման անդամներ Ռեֆ Ռոդրիգեսն ու Սքոթ Շմերելսոնը:
«Այս միաձայն քվեարկությամբ մեր Խորհուրդը միանում է երկրում գործող պետական մարմիններին եւ կոչ անում ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին` ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու արտասանել «ցեղասպանություն» բառը: Մենք դա անում ենք, քանի որ գիտենք, որ եթե մի ցեղասպանություն չի ճանաչվում, ուրեմն իրականացված մյուս ցեղասպանությունները եւս ամբողջապես ճանաչված չեն,-ասել է Զիմերն ու շարունակել. «Բոլոր նրանք, որոնք անցած տարվա ապրիլի 24-ին հպարտորեն կանգնած էր հայ համայնքի կողքին, այս տարի նույնպես ակնկալում ենք, որ ձեր կողքին կլինեն թուրքական հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ»:
Իր հերթին, նախաձեռնության հեղինակ, Խորհրդի անդամ Ռաթիֆը նշել է, որ երիտասարդներին պետք է ուսուցանել մարդկային պատմության, այդ թվում, պատերազմների եւ ցեղասպանության մասին, որպեսզի նման վայրագությունները երբեք չկրկնվեն: «Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները պետք է ճանաչվեն»,-ասել է նա:
Բացի այդ, բանաձեւը ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը Լոս Անջելեսի շրջանային դպրոցների կրթական ծրագրում շարունակական բնույթ կկրի:
Բանաձեւի ընդունմանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի նախագահ Էլեն Ասատրյանը` իր խորհին շնորհակալությունը հայտնելով Զիմերին ու Խորհրդի անդամներին՝ նշելով, որ անհամբերությամբ սպասում են համագործակցության շարունակմանը, որի ընթացքում կօգնեն ուսուցիչների վերապատրաստման գործում:





























