Լեռնային Ղարաբաղում ուժերի հավասարակշռության խախտումը կարող է վտանգավոր հետրեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ ասել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:: Ցավոք, միջազգային համայնքը հասցեական հայտարարություններով հանդես չեկավ, հավելել է նա:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւոր ենք համարում նաեւ Ռուսաստանի միջնորդական դերը, որը նա նորից կատարեց այս օրերին: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի որոշ պաշտոնական ներկայացուցիչների անհեռատես ու անզգույշ հայտարարություններն արդարացի վրդովմունք են առաջացրել հայ հասարակությունում: Հավասարակշռության կարեւորագույն նախապայմաններից է ռազմական հավասարակշռության պահպանումը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դրա նույնիսկ աննշան խախտումը կարող է հետեւանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համարի: Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքը լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի՝ հետեւաբար նաեւ ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության համար: Եթե հիմա մենք չկարողանանք գնահատել ռազմաքաղաքական սպառնալիքները, վաղը կարող ենք անդառնալի հետեւանքներ ունենալ՝ հաշվի առնելով Թուրքիայի դերը տարածաշրջանային ապակայունացման մեջ: Մենք կարեւոր ենք համարում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը՝ այդ թվում նոր մշակումների միջոցով»,- շեշտել է Նահապետյանը: