ՀՀ Հանրային խորհրդի կազմը համալրվել է եւս 6 հոգով: Մասնավորապես, մարտի 31-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Հանրային խորհրդի անդամներ են ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը եւ Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Բացի այդ, Հանրային խորհրդի ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել Անահիտ Աղոյանը:
Նրանց թեկնածությունը հաստատվել է ՀՀ նախագահի կողմից:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի կազմում՝ վերջին 12 անդամների ցուցակում, որտեղ ՀԽ անդամներն ընտրվում են ՀԽ գործող անդամների քվեարկությամբ, առաջացել էին թափուր տեղեր` տարբեր հանգամանքներով պայմանավորված (Սոս Սարգսյանը, Բաբկեն Հարությունյանը, Ստեփան Գիշյանը, Ռոբերտ Աթոյանը մահացել են, իսկ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ):
Այսպիսով, Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անուններով՝ Անահիտ Աղոյան, Տիգրան Մանսուրյան, Էդուարդ Ղազարյան, Արմեն Բալդրյան, Սամվել Ճզմաչյան, Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան:





























