Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում մեր բանակն իր հզոր արսենալի նույնիսկ 1 տոկոսը չի օգտագործել: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Մարտավարական, տեղային նշանակություն ունեցող գործողություններում հզոր ռազմատեխնիկա չի օգտագործվում: Մենք օգտագործել ենք այն զենքերը, որոնք նախատեսված են նմանատիպ գործողությունների համար, եւ կասեցրել ենք հակառակորդին ու ստիպել երկրորդ անգամ հրադադար մուրալ»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Գագիկ Մելիքյանն ընդունեց, որ սխալներ եւ թերություններ են եղել, եւ բոլոր մեղավորները պատասխանատվություն պետք է կանչվեն:

Դիտարկմանը, թե վերջին իրադարձությունների ժամանակ թերացել են արդյոք իշխանությունը եւ բանակը, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես ընդունում եմ, որ անսխալական մարդ չկա, ես ընդունում եմ, որ սխալներ, թերություններ եղել են եւ դեռեւս կլինեն, սակայն դրանք պետք է արագորեն վերացնել եւ պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր թույլ են տվել նմանատիպ սխալներ»:

Գագիկ Մելիքյանը չցանկացավ խոսել ռազմական սխալների մասին, քանի որ, ըստ նրա, սխալ է քննադատել մի համակարգ, որում շատ գաղտնիքներ կան: Պատգամավորը միայն ընդգծեց, որ հայ զինվորները եւ սպաները ամենապատրաստվածն են, ինչը ապացուցում է քառօրյա մարտերում ադրբեջանական նման հզոր զինտեխնիկա ունեցող բանակին հետ մղելը:

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ վերջին իրադարձություններից պետք է հետեւություններ անել, եւ ամրապնդել ազգային պաշտպանությունը:

«Ոչ միայն Հանրապետականը, այլեւ բոլոր քաղաքական ուժերը, պետք է հետեւություններ անեն: Բյուջետային ծախսերը պետք է իրականացվեն խիստ արդյունավետ, եւ ուղղվեն հիմնականում երկրի պաշտպանության ապահովմանը»,-ասաց Մելիքյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն Ադրբեջանի նախահարձակումը ահաբեկչություն որակեց, որին նա գնացել է Թուրքիայի թողտվությամբ` նպատակ ունենալով կայծակնային պատերազմի միջոցով զավթել Լեռնային Ղարաբաղը եւ հասնել Սյունիք:

«Ադրբեջանը նպատակ էր դրել իր առաջ Սյունիք հասնելուց հետո նոր միայն հրադադար հայտատարեր, կամ բանակցային գործընթացին վերադառնալ, սակայն Ադրբեջանի սուլթանը կրկին ձախողվեց, եւ եթե հաջողություններ գրանցած լիներ հրադադար չէր մուրա»,-ասաց պատգամավորը:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին ագրեսոր երկիր ճանաչի, եւ զենք վաճառող երկրները դադարեցնեն այդ ագրեսոր երկրին զենք վաճառելը: