Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը որոշել է Երեւանում սահմանափակվել ստատիկ ու ոչինչ չասող ելույթով՝ ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի բացման ժամանակ:
Մինչ նրա հայ գործընկեր Կորյուն Նահապետյանը մտահոգություն էր հայտնում ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտությունների կապակցությամբ՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու նրան զենքի վաճառքը շարունակելու համատեքստում, Չեկալինը մասնավորապես հայտարարեց. «Ես կցանկանայի ասել, որ մեր պատվիրակությունը բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացումը, այդ թվում ԵՏՄ-ին հանրապետության անդամակցության համատեքստում: Ինտենսիվ զարգանում են ռուս- հայկական բարձր մակարդակի շփումները: Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ, մարտի 10-ին , վերահաստատվեց, որ կողմերը շահագրգռված են զանազան՝ այդ թվում միջխորհրդարանական ոլորտներում համագործակցության հետագա աճի հարցում: 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ր տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ նախագահը ներկա էր Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին , իսկ հետո նաեւ՝ ԲՐԻԿՍ անդամների առաջնորդների հանդիպմանը: Արդեն 2016-ի մարտին կայացավ նրա աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ բանակցություններ եղան Պուտինի հետ:
Հայաստանի նախագահը մասնակցել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի հավակնորդների մրցաշարի բացմանը: 2016-ին արդեն մի շարք երկկողմանի հանդիպումներ են եղել արտգործնախարարներ Լավրովի ու Նալբանդյանի միջեւ: Լավրովը նաեւ այս ամսվա վերջին Հայաստան կայցելի: Մենք կողմ ենք, որ շարունակվի միջխորհրդարանական համագործակցությունը բարեկամական Հայաստանի հետ ու նախապատրաստում ենք Դաշնային ժողովի ու ՀՀ ԱԺ-ի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը , որը ծրագրված է Կազանում: Հույս ունենք, որ հայ գործընկերները ակտիվ կմասնակցեն Եվրասիական միության ու ԵՄ-ի միջեւ աշխատանքային շփումների հարթմանը: Դրական ենք գնահատում Հայաստանի՝ որպես այս տարվա ՀԱՊԿ նախագահող գործունեությունը»:





























