Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատարանը ուսումնասիրում է ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունների տեսագրությունների արձանագրությունները, որոնք կատարել են հայկական եւ ռուսական կողմերը:

Անցնելով տեսագրությունների հրապարակմանը, դատարանը հայտնաբերեց, որ ձայնը բավարար չափով հստակ չէ, որի հետ կապված որոշվեց հրապարակել հարցաքննությունների արձանագրությունները:

Սկզբում ներկայացվեց 2015-ի հունվարի 13-ի հարցաքննության արձանագրությունը (որին որպես պաշտպան մասնակցել է փաստաբան Թամարա Յայլոյանը), սակայն Պերմյակովի ներկա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնեց, որ փաստաթուղթը հրապարակման ենթակա չէ, քանի որ այն որպես ապացույց օգտագործման համար անթույլատրելի է, Պերմյակովի հարցաքննությունն իրականացրել են ռուս քննիչները, հայաստանցի փաստաբանի մասնակցությամբ, ով իրավունք չուներ մասնակցել այդ գործողությանը:

Մեղադրողը հավելեց, որ ի տարբերություն Թամարա Յայլոյանի հայտարարությունների, թե ինքը հարցաքննության մի մասին է ներկա գտնվել, իրականում փաստաբանը սկզբից մինչև վերջ ներկա է եղել հարցաքննությանը և ստորագրել է կազմված արձանագրությունը: Միաժամանակ մեղադրանքի կողմը խնդրեց հրապարակել Պերմյակովի հարցաքննության բոլոր արձանագրությունները, ապա նոր միայն անդրադառնալ պաշտպանի միջնորդությանը:

Դատարանը որոշեց հրապարակել ցուցմունքները, իսկ թե կճանաչվի արդյոք Պերմյակովի առաջին հարցաքննության արձանագրությունն այթույլատրելի ապացույց, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում:

Այն ժամանակ մեղադրյալ Պերմյակովի ցուցմունքների համաձայն, նա զենքով դուրս  է եկել զբոսնելու, իր մտադրությունների մասին ոչ մեկին չի ասել: Նա մտադիր է եղել մի քանի ժամից վերադառնալ զորամաս: Նրա խոսքով, ինքը մտել է տուն՝ ջուր խմելու: Հարցին, թե օգտագործե՞լ է որեւէ զենք, Պերմյակովը դրական պատասխան է տվել:

Պերմյակովի խոսքով, երբ ինքը տուն է մտել, կինն արթնացել է եւ բղավել, սպառնացել է ոստիկան կանչել: Պերմյակովը վախեցել է ու կրակել, հետո գնդակահարել է ընտանիքի բոլոր անդամներին: Նա հայտնել է, որ սպանել է 6 մարդու եւ սվին դանակով վիրավորել փոքրիկին: Նա նշել է, որ կրակել է առանց նշան բռնելու, քանի որ մութ է եղել:

Պերմյակովի խոսքով, տնից կանացի պայուսակից վերցրել է փող եւ հեռախոսներ: Նա նկարագրել է տունը, նշելով, թե որ սենյակում քանի մարդ է եղել: Հարցին, թե ինչու է որոշել սվին դանակով վիրավոել 6-ամսական փոքրիկին, Պերմյակովը պատասխանել է, որ ինքնաձիգը լռվել էր: Նա ընդունել է սպանության մեղադրանքը:

Միաժամանակ, նա պնդել է, որ չէր պատրաստվում անօրինական կերպով հատել հայ-թուրքական սահմանը, պարզապես քայլում էր: Պերմյակովը նշել է, որ նախկինում երբեք չի եղել Ավետիսյանների տանը, նրանց չի ճանաչում, զենքը ոչ մեկին չի տվել:

Հարցին, թե կրակում էր, որ սպանե՞ր, նա պատասխանել է, որ կրակելու միտք չի ունեցել, ուղղակի ուզում էր, որ ոստիկանություն չկանչեն:
Պերմյակովը նշել է, որ զղջում է տեղի ունեցածի համար:

Պերմյակովի հարցաքննությունների արձանագրությունների հրապարակումից հետո դատախազի եւ տուժող կողմի փաստաբանների պահանջով ցուցադրվեց հարցաքննության տեսագրությունը:

Դատավոր Հարություն Մովսիսյանը պարբերաբար փորձում էր դադարեցնել տեսաձայնագրության ցուցադրությունը՝ համարելով, որ արդեն հրապարակված արձանագրության դիտումը ժամանակի անտեղի կորուստ է:

Այնուհետեւ դատարանը լսել է 2015-ի հունվարի 14-ին Պերմյակովի հարցաքննության արձանագրությունը: Այստեղ նա խոստովանել է Ավետիսյանների սպանությունը եւ դասալքությունը: Որպես դասլքության պատճառ Պերմյակովը նշել է, որ շատ էր կարոտել ընտանիքին եւ որոշել էր վերադառնալ Չիտա, որի համար անհրաժեշտ էր քաղաքացիական հագուստ ու փող ճարել, անցնել սահմանը եւ հասնել տուն:

Պերմյակովի խոսքով, ինքը հանել է դռան ապակին, ներսի կողմից բացել բանալիով եւ ներս մտել: նախկինի պես նա հայտարարել է, որ վախից է կրակել:

Սպանությունից հետո նա փոխել է հագուստը, վերցրել փողն ու դուրս եկել տնից: Հետո աշխատել է հնարավորինս հեռանալ այդտեղից, ընդ որում, ծանոթ չլինելով տեղանքին:

Անդրադառնալով հայրենիքում նախկին ծառայությանը, Պերմյակովը հայտնել է, որ 8 անգամ ինքնակամ լքել է զորամասը, մեկ անգամ՝ զենքով: 

2015-ի հունվարի 16-ին կայացած լրացուցիչ հարցաքննության ժամանակ Պերմյակովը նշել է, որ ժամապահ եղած ժամանակ թմրամիջոց կամ ալկոհոլ չի օգտագործել: Նա նշել է, որ սպանություն կատարելուց հետո վախեցել է: նա մտադիր էր տուն գնալ գնացքով՝ մտածելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային կապ կա: Սակայն, հարցին, թե գիտի՞ թե ում հետ է սահմանակցում Հայաստանը, Պերմյակովը ճիշտ պատասխան է տվել, նա նաեւ իմացել է, թե որ կողմն է սահմանը:
Նրա խոսքով, տուն մտնելուց առաջ երկար թակել է, քանի որ ոչ ոք չի բացել, որոշել է ներս մտնել: Պերմյակովն ասել է, որ առաջին սենյակում կին է պառկած եղել, որը իրեն տեսնելով սկսել է «հիստերիկ ճչալ»: «Ես չէի սպասում դեպքերի նման զարգացման, քանի որ մտածում էի, որ տանը մարդ չկա: Ես ինքնաձիգը պահեցի նրա վրա եւ մի քանի անգամ կրակեցի»,-ասել է ամբաստանյալը հարցաքննության ժամանակ:

Հարցին, թե ինչու չի ազատվել գողացված հեռախոսներից, նա պատասխանել է, որ փորձել է զանգահարել մորը, իսկ հետո վաճառել դրանք: