«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ հետագա համագործակցությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենքով ապահովելու վերաբերյալ ռազմական համաձայնագրեր ունի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանին կոչ է անում անուղղակի կերպով չնպաստել
a. միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների խախտմանը,
b. ուժի կիրառմանը՝ առանց ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իրավական հիմնավորումների,
c. ինչպես պայմանագրային, այնպես էլ սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների խախտմանը:
«Միջազգային հանրային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի Հանրապետությունն իրավունք չունի ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Նման քայլ կատարելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավուքնի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի արգելքը:
Ադրբեջանը Ադրբեջանը կատարել է Ժնեւի 1949թ. կոնվենցիաներով ամրագրված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից մեկը՝ կատարելով հարձակում քաղաքացիական բնակչության վրա, թույլ տալով անմարդկային վերաբերմունքի ակտեր եւ քաղաքացիական անձանց սպանություններ, դիակների խոշտանգում, հարձակումներ քաղաքացիական օբյեկտների՝ մասնավորապես դպրոցների վրա՝ կիրառելով չտարբերակված գործողության զինատեսակներ: Ադրբեջանական զինուժը խոշտանգել է գերի ընկած զինվորներին եւ սպանել նրանց»,- ասված է հայտարարության մեջ:





























