Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատանքը պետք է երեւացող եւ հասանելի լինի բոլորիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, թե իրենք մեծ աշխատանք են կատարել, որը սակայն չի երեւում:

«Մենք պետք է իմանանք, թե ինչպես են աշխատում, ինչ հայտարարություններ են անում: Կարծում եմ՝ շատ պասիվ է եղել նախարարության աշխատանքը, ինքս բավարարված չեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ չորսօրյա պատերազմից հետո հանրությունը պահանջում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Էդմոն Մարուքյանը, սակայն, կարծում է, որ միայն Նալբանդյանի հրաժարականով դժվար թե ինչ որ բան փոխվի:

«Մեզ քաղաքական համակարգի փոփոխություններ են անհրաժեշտ: Այս օրերին ակնհայտ է դարձել, որ մեր ունեցած բազմաթիվ խնդիրների միակ աղբյուրը մեր քաղաքական համակարգն է, իսկ  քաղաքական համակարգում մեկ մարդու փոփոխությամբ բան չի փոխվի. տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց փոփոխություն պետք է լինի: Մեզ պետք են նոր մտածողությամբ, տեսլականով մարդիկ, որոնք նոր պատկերացումներ ունեն առկա իրողությունների եւ քաղաքականության վերաբերյալ: Հին իրողություններով, հին տեխնոլոգիաներով որեւէ բան այս աշխարհում չենք կարող անել»,- ասաց նա: