Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ակնհայտորեն բխում է ՀՀ անվտանգության շահերից, սակայն մեր ռուս գործընկերները նույնպես պիտի իմանան, որ Հայաստանի անվտանգությունը բխում է նաեւ Ռուսաստանի հարավային ուղղությամբ ստրատեգիական հետաքրքրություններից: Այսօր Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Միակ պետությունը այս փուլում, որի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, դա Հայաստանն է: Հետեւաբար 102-րդ ռազմակայանի առկայությունը Հայաստանում կամ ռազմատեխնիկական համագործակցությունը, ոչ թե արվում է, որովհետեւ հայերին շատ են սիրում, այլ բխում է իրենց շահերից: Մենք սա ենք արձանագրում»,-ընդգծել է նա:
Ըստ նախկին վարչապետի` հայ-ռուսական հարաբերությունները որքան Հայաստանին են հարկավոր, այնքան էլ Ռուսաստանին: «Սա չի նշանակում, որ խանդով պիտի վերաբերվենք Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, ճիշտ հակառակը ես այդ մասին ասել եմ , որ Ռուսաստան-Ադրբեջան բարիդրացիական, մի գուցե ռազմավարական գործընկերությունը օգտակար է տարածաշրջանի կայունությոն համար, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Բայց մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունները չեն կարող կառուցվել ի հաշիվ Հայաստանի եւ Արցախի անվտանգության: Սիրեք իրար հարաբերվեք ինչքան ուզում եք, բայց ոչ մեր անվտանգության հաշվին»,-ընդգծել է Հարությունյանը:





























