Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է բժշկական  փորձագիտության եզրակացույթունը տված փորձագետն ու  նշել, որ երեխաների մահվան մեջ մեղավոր է «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը:

«Փորձագետը պնդեց իր տված եզրակացությունը, նշեց, որ բժշկի մեղքով է տեղի ունեցել, որ իր տված եզրակացույթունը ճիշտ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գարիկ Գալիկյանը։  

Նշենք, որ Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործերը դատարանը քննում է միասին:

 «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը երկու գործերով էլ մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Երկու դեպքում էլ բժշկուհին իր մեղավորությունը չի ընդունում:

Ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: