Փոքրիկ Հայկը, որը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հետեւանքով ծնվել էր ոչ թե հայրենի Մարտակերտում, այլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում, մոր եւ երկու եղբայրների հետ վերադարձել է Մարտակերտ։
«Ամուսինս Ղարաբաղում էր, մենք՝ Հայաստանում, նրանից լուր չէինք կարողանում իմանալ, անհանգիստ էինք։ Որոշեցինք վերադառնալ Մարտակերտ․ էստեղից ավելի շուտ տեղեկություն կիմանանք նրա մասին, հետո էլ՝ սա մեր տունն է, տնից լավ տեղ չկա»,- ասում է Հայկի մայրը՝ Քնարիկ Հարությունյանը։
Քնարիկն ու երեք որդիները երկու օր է՝ Մարտակերտում են, բայց զինծառայող հայրը նորածին որդուն դեռ չի տեսել։
«Դիրքերում է, մեր սահմաններն է պաշտպանում, չի կարող իջնել,- ասում է Քնարիկը, ապա ժպիտով հավելում,- մենք էլ չորսով մեր տանը կսպասենք, մինչեւ կգա․ կարեւորը՝ որ Հայկս իրեն այստեղ շատ լավ է զգում, կարեւորը՝ որ մենք մեր տանն ենք»։
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր, թե ինչպես է Քնարիկ Հարությունյանին հաջողվել դուրս գալ ապրիլի սկզբին ադրբեջանական հրետակոծությանը ենթարկվող ԼՂՀ Մարտակերտի շրջանից, գալ հասնել Կարբի եւ լույս աշխարհ բերել 3-րդ որդուն՝ Հայկին:





























