Հայաստանի ընդդիմությունը հրաժարվել է Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումներից։ Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ։

Զուրաբյանի խոսքով, կողմերը փոխզիջման չեն հանգել, իսկ իշխանության առաջարկները կիսալուծում են համարում։ «Ուստի հետագա քննարկումները չեն կարող բերել այն արդյունքը, որը մենք ակնկալում էինք»,- ասել է նա։

Իր հերթին կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նկատել է, թե բանակցությունները չեն կարող արդյունավետ լինե, երբ կողմերից մեկը խոսում է վերջնագրերով։ «Մենք առաջարկներ ենք ներկայացրել ընդդիմության 5 պահանջներից չորսով։ Իսկ ասել՝ կամ բոլոր հինգը, կամ ոչինչ, կառուցողական մոտեցում չէ։ Եւ պետք չէ մեզ մեղադրել»,- նշել է Հարությունյանը։ Նշենք, որ ընդդիմության հիմնական պահանջն էր ընտրացուցակների հրապարակումը, ցուցակներին մահացածների եւ երկրից բացակայողների անունների բացառումը։