Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ոչ նյութական վնաս է եղել, ոչ էլ որեւէ մեկը տուժել է։ Առանձնատան բակ նռնակի նմանվող առարկա են նետել, ըստ ամենայնի, ուսումնական նռնակ է կամ նռնակի մուլյաժ։
Առարկայի ծագումը պարզելու համար Քննչական կոմիտեն փորձաքննություն է անելու։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, թե Քոչարյանի առանձնատան հարձակման եւ նռնակի նետման հետեւանքով որեւէ մեկը չի տուժել: Նա տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին գտնվում է Մոսկվայում եւ մասնակցում է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Հայաստանի ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել։
Իրավապահները ահազանգ էին ստացել, դեպքի վայրում օպերատիվ խումբ է աշխատում, այլ մանրամասներ ոստիկանությունը չի հայտնում։





























