Իրանի իշխանությունները պատրաստ են դիմել դատարան, եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրով ստանձնած, Իրանին հինգ С-300 համալիր վաճառելու մասին իր պարտավորությունը։ «Հարցը կարող է լուծվել դատարանում։ Եթե Ռուսաստանն Իրանին հրթիռային համալիր չվաճառի, ստիպված կլինի փոխհատուցում վճարել»,- Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորոջերդիի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Իրանի հետ պայմանագրի սառեցման մասին որոշումը ռուսական ղեկավարության կողմից ընդունվել էր անցած շաբաթ. այն հաստատել էր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Ղեկավարությունը որոշում է կայացրել, մենք էլ կատարում ենք այդ որոշումը»,- հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովը։

Պաշտոնական Թեհրանը, ինչպեսեւ սպասելի էր, բավական կտրուկ է արձագանքել Մոսկվայի որոշմանը։ Իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, մեկնաբանելով Ռուսաստանի առաջնորդի հրամանը, ընդգծել էր, որ «Ռուսաստանը պարտավոր է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները»: