Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի միջեւ հակասություններ են նկատվում:

Հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, հաշվի առնելով, որ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարում է, որ բանակցություններ կսկսի Վրաստանի միայն նոր ղեկավարի հետ, Սահակաշվիլին պատասխանել է. «Տպավորություն ունեմ, որ Մեդվեդեւը հեռանում է, իսկ Պուտինը` վերադառնում»:

«Լիբերալ Մեդվեդեւը կարող է նման ցանկություն ունենալ, բայց դա հակասում է «վատ տղա» Պուտինի ցանկություններին»,- Վրաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «Գռուզիա Online»-ը:

Հարցին, թե արդյոք, շարունակո՞ւմ է մտածել, որ Կրեմլում թույն են պատրաստում իր համար եւ պատրա՞ստ է այցելել Մոսկվա` հրավերի դեպքում, Սահակաշվիլին պատասխանել է, որ իրեն Կրեմլում չեն սպասում: «Ինչ վերաբերում է թույնին, որքան ես տեղեկանում եմ լրատվամիջոցներից, նրանք (Մեդվեդեւն ու Պուտինը) հիմա զբաղված են միմյանց թունավորելով»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: