Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի վատթարացումն ի հայտ բերեց հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերի համակարգային խնդիրները: Այս մասին The National Interest-ում լույս տեսած հոդվածում գրում է Արեգ Գալստյանը:

Հոդվածի համաձայն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակից Հայաստանում փորձագիտական եւ քաղաքական շրջանակները քննարկում են երկրի անդամակցության  նպատակահարմարությունն այն կառույցներում, որոնք ի վիճակի չեն օբյեկտիվ գնահատականներ տալ կատարվող գործընթացներին: «Պետք է նշել, որ պաշտոնապես Երեւանը ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ է: Ադրբեջանը դրանցից ոչ մեկի անդամը չէ: Բացի այդ, Հայաստանը Կովկասում միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանի ռազմական ներկայությունը դեռ պահպանվում է (102-րդ ռազմաբազան Գյումրիում)»,- գրում է հեղինակը:

Այդուհանդերձ հեղինակը նշում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի վատթարացումն ի հայտ բերեց հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերի համակարգային լուրջ խնդիրները: «Հիմնական խնդիրը քաղաքական կարեւոր հարցերի շուրջ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համակարգման բացակայությունն է: Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների սկզբից Բելառուսի իշխանություններն աջակցություն հայտնեցին Բաքվին՝ ընդգծելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը: Երեւանում նշեցին, որ նման հայտարարությունը հակասում է ՀԱՊԿ շրջանակներում Բելառուսի ստանձնած պարտավորություններին»,- ասվում է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ կազմակերպության մյուս անդամը՝ Ղազախստանը,  ավելի զուսպ էր, սակայն կառավարական հաստատություններին մոտ կանգնած երկրի փորձագիտական շրջանակները հանդես եկան հօգուտ Ադրբեջանի արված հայտարարություններով: «Հայտնի ղազախստանցի քաղաքագետ Այդոս Սարիմը, մեկնաբանելով Ղարաբաղում իրավիճակը, ասել էր, որ Հայաստանի աջակցության համար անհրաժեշտ է պատմական,  մշակութային եւ ավանդական բազա ապահովել: Նա նաեւ ընդգծել էր, որ եթե Ղազախստանը կանգնած լիներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընտրության առաջ, ապա ստիպված կլիներ ընտրել Բաքվին»,- եզրափակում է հեղինակը: