Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Մասնա վորապես, համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Թալին, Վերին Սասնաշեն, Արարատի մարզի Արեւշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան, Ռանչպար, Աղավնատուն, Այգեկ, Այգեւան, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Զոլաքար, Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ, Սպիտակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Հատիս, Հրազդան, Սեւաբերդ, Քանաքեռավան, Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք, Վայոց ձորի Գետափ համայնքներում, ընդ որում` իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է 34 թեկնածու, «Հայկական վերածնունդը»` 3 թեկնածու, իշխանական Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 2 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիրը»` 1 թեկնածու, անկուսակցական է` 20 թեկնածու:

Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Հրազդան եւ Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում:

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:

Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ  ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:

Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը։

Ընտրությունները դիտարկելու համար տարբեր տեղական կազմակերպություններից գրանցվել է 114 դիտորդ: