Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են «մոռացված ցեղասպանություն»: 1915-1923թթ. սպանվել է 1.5 մլն հայ: Ջոան Քաջիկյանի մայրը՝ Ջուհարը, ստիպված էր վերապրել դաժան «մահվան երթերը» եւ աննկարագրելի սարսափները: Նրա հայրը՝ Սարգիսը, տեսել էր, թե ինչպես են գլխատում իր եղբորը: Այս մասին Idaho Statesman պարբերականում գրում է Քեթրին Ջոնսը:
Ջոանը երդվել էր պատմել իր պատմությունը եւ մյուսերին տեղյակ պահել ցեղասպանության մասին: Նա հույս ունի, որ հիշելով հայ ժողովրդի ողբերգական անցյալը՝ մարդիկ կխուսափեն նման հանցագործությունները կրկնելուց:
Ամեն տարվա ապրիլի 24-ին Ջոան Քաջիկյանը, ծաղիկները ձեռքին, կանգնում է Ann Morrison Park-ի կամուրջների վրա: Եվ նա միայնակ չէ: Նրան են միանում 100 մարդ, որոնք ամեն տարի այդ օրը հավաքավում են այդտեղ:
Ջոանը 41 տարեկան էր, երբ լսեց իր մոր պատմությունը: «Ես չէի կարողանում հավատալ, թե ինչ է պատմում մայրս: Ես շոկի մեջ էի»,- ասում է Ջոանը, ով տեսագրել է իր ընտանիքի սարսափելի պատմությունը, որը պատմել է մայրը:
Ջոանի մայրը՝ Ջուհար Քոփյանը, 12 տարեկան էր: Նա իր մեծ ընտանիքի հետ ապրում էր Թուրքիայի Հարփութ քաղաքում: Նրանց քրիստոնյա ընտանիքը, մյուս հայերի նման, չնայած երկրորդ կարգի մարդիկ էին համարվում, բայց դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում միասին էին ապրում մուսուլմանների հետ:
1915թ. ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարությունը մահապատժի ենթարկեց 300 հայ մտավորականների՝ հայերին մեղադրելով Թուրքիայի դեմ Ռուսաստանին աջակցելու մեջ: Հաջորդ օրը սկսվեց ջարդերի ալիքը, որի հետեւանքով բնաջնջվեց հայ բնակչության 2/3-ը:
Ջուհարը եւ նրա հորաքույրը ընտանիքում միակ մահից փրկվածներն էին: «Մայրս պատմում էր, թե ինչպես զինվորականները տարան նրա հորը, եղբայրներին եւ քաղաքի մյուս բոլոր տղամարդկանց: Նրանց ասել էին, թե տանում են բնակության նոր վայր: Դրանից քիչ անց նա կրակոցներ էր լսել»,- պատմում է Ջոան Քաջիկյանը:
Աղջիկները հաց էին թխում, երբ լսեցին, որ թուրք զինվորները վերադառնում են: Ջուհարը ցատկել էր ցորենի ամբարի մեջ եւ թաքնվել՝ ողջ գիշեր դողալով վախից: Հաջորդ օրը ժանդարմը գտել էր նրան եւ հրամայել միանալ «մահվան երթին»: Ջուհարին եւ նրա հորաքրոջը բաժանել էին, եւ նրանք այլեւս չհանդիպեցին երբեք:
Մոտ երկու տարի Ջուհարը ընտանիքներից կտրած կանանց, երեխաների եւ ծերունիների քարավանի մի մասն էր, որոնք քայլում էին սարերով եւ Սիրիայի անապատներով: Ջուհարը Ջոանին պատմել էր, որ ժանդարմները, որոնք ձի հեծած էին գնում, երբեմն իրենց հաց էին նետում: «Ժամանակ առ ժամանակ նա զգում էր, որ ավելի լավ է մեռնել»,- ասում է Ջոանը:
Տարեցներին եւ հիվանդներին, որոնք չէին կարողանում շարունակել ճանապարհը, թողնում էին ճանապարհին մեռնելու: Մայրերը, որոնք ի վիճակի չէին այլեւս տանել իրենց երեխաներին, նրանց տալիս էին անծանոթ մարդկանց: Մյուսները՝ հուսահատության եւ խելագարության մեջ, երեխաներին գետն էին նետում եւ իրենք էլ նետվում ջուրը: «Երբ մայրս խմում էր Եփրատ գետի ջուրը, նա հայ աղջիկների անդամահատված ոտքեր եւ ձեռքեր էր տեսել, որոնք ջուրը ափ էր հանել»,- պատմում է Ջոանը:
Մարդկանց քարավանը շարժվում էր դեպի մեծ համակենտրոնացման ճամբար՝ Դեր Զորի անապատի բաց երկնքի տակ: Ջուհարի կյանքը փրկում է թուրքերից մեկը: Նրան վաճառում են ստրկության, սակայն Ջուհարը ողջ է մնում: Նրան զրկում են հայկական ինքնությունից, արգելում են հայերեն խոսել, թուրքական անուն են տալիս: «Բայց նա չէր բողոքում, ասում էր, որ այդ թուրքը իր փրկիչն է… Ես ուզում եմ, որ նրա պատմությունը լսեն իմ երեխաները, աշխարհը… Ես ուզում եմ դառնալ ձայնը այն մարդկանց, որոնց ձայնը լռեցվել էր»,- ասում է Ջոան Քաջիկյանը:





























