Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ «Սիցիլիա» խաղատան վրա նռնակ նետած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության կայքէջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 12.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա Սմբատ Մ.-ն:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 06.00-ին, Չարենցավան քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ, անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է Սմբատ Մ.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Չարենցավանի բաժին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սմբատ Մ.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 25-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 35-րդ կիլոմետրին գործող «Սիցիլիա» խաղատան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ`28-ամյա Լեւոն Հ.-ի նետած նռնակի պայթյունից արձակված բեկորից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տուժողը Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 53 շենքի 80 բնակարանի բնակիչ, 25-ամյա Սմբատ Սամվելի Մարտիրոսյանն է: Վերջինս հայտնել է, որ աշխատում է խաղատանը որպես թիկնապահ: Խաղատան ղեկավարությունը ոստիկանությունում հայտարարել է, թե իբր վիրավորվածը իրենց աշխատակիցը չէ:

Նշենք, որ Սմբատ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել ձախ բազկի միջին երրորդական հատվածում: Նա այժմ թիվ 1 հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունքում է: Նրան բուժող բժիշկ Արտյոմ Նավոյանը քիչ առաջ NEWS.am-ին հայտնեց, որ Մարտիրոսյանը միկրովիրաբուրժական վիրահատության է ենթարկվել, բազկի շրջանում ստացված վնասվածքները վերականգնվել են ու այժմ հիվանդը պալատում է: Մի քանի օրից նա դուրս կգրվի եւ ամբուլատոր բուժումը կշարունակի տանը:

Նշենք նաեւ, որ «Սիցիլիա» խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին: Խաղատունն աշխատացնում է նրա եղբայրը` Աբոն:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը քննում է մարզային ոստիկանության քննչական բաժինը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի