Ռազմական ղեկավարությունից որեւ մեկը պաշտոնանկ չի լինի։ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով հանրության շրջանում այն հարցադրումներին, որ քառօրյա պատերազմի օրերին արձանագրված բացթողումների համար համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Ռազմական ղեկավարությունը նաեւ փոխօգնության շրջանակներում միանգամից ստացած հետախուզական տվյալներով աշխատել է ամբողջությամբ եւ նաեւ աշխատում է։ Խոսակցություններ է գնում նաեւ տեղեկացվածության մասին, ես արդեն ասել եմ՝ հետախուզական տվյալներն ամբողջությամբ արտացոլել է այն իրադրությունը, որը որ գոյություն ունի։ Թերեւս մարտի 31-ից մինչեւ ապրիլի 2-ը զգոնության բարձրացման հրահանգ է տրվել շտաբի կողմից եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի կողմից, բայց այս վերջին տարիների դիվերսիոն հետախուզական գործողությունների ինտենսիվության մեջ, որ դժվար է կռահել ուղղություններն ու ինչ-որ ուժերը, որ օգտագործում են։ Պարզապես բանակի ղեկավարության կողմից ապահովվածության աստիճանը, մի գուցե մեկ կամ երկու տեղերում զգոնությունը չի ապահովվել»,- ասաց պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ կադրային փոփոխություններ չեն լինելու. «Կադրային փոփոխություններ չեն լինելու, պաշտոնանկություններ չեն լինելու, որովհետեւ իրականության մեջ այս պատերազմը, ի տարբերություն դիվերսիոն հետախուզական գործողությունների, լայնամասշտաբ դասական ոճով հարձակողական գործողություններ են եղել՝ պլանավորված եւ այդ հարձակողական գործողությունների ժամանակ մեր հրամանատարների, զինվորների հերոսությունների շնորհիվ կարողացել ենք այդ ամենը հետ մղել»։





























